«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

«ՄԻ՞ԹԵ ՊԱՏՇԱՃ Է ԻՆՁ ՆՄԱՆ ՎԱՅՐԵՆԻ ՄԵԿԻՆ ԱՅՍՔԱՆ ՊԱՏԻՎ ՏԱԼԸ»

«ՄԻ՞ԹԵ ՊԱՏՇԱՃ Է ԻՆՁ ՆՄԱՆ ՎԱՅՐԵՆԻ ՄԵԿԻՆ ԱՅՍՔԱՆ ՊԱՏԻՎ ՏԱԼԸ»
02.02.2010 | 00:00

Անտիոքում կույսերի մի վանք կար՝ բավականաչափ հեռու աշխարհիկ բնակավայրերից։ Վանքը, որպեսզի պատահմունքներից ձերբազատված մնար, շրջափակված էր ամուր ու անանցանելի պարիսպներով։ Այնտեղ բնակվում էին հարյուր վաթսուն կույսեր, և ամենքն էլ մայրապետի ակնածալից ու աներկբա հավատին ենթակա: Նրանք ամեն ինչում հետևում էին Ավետարանի վարդապետությանը և ինչ բանի որ անտեղյակ էին Սուրբ Գրքի գիտությունից, այդ օրհնություններին ևս Աստված հաղորդ էր դարձնում՝ նրանց միամիտ ու պարզ հավատի շնորհիվ, քանի որ խոնարհ էին Քրիստոսի պատվիրաններին։
Եվ ահա մի օր վանքի կողքից մի ավազակախումբ անցավ։ Ավազակները, որ երկար ժամանակ թափառումի մեջ էին, վանքը տեսնելով, ուրախացան։ «Դյուրին գործ է,- մտածեցին, -հարձակվենք վանքի վրա, կույսերին սպանենք, տիրանանք նրանց ունեցվածքին»։ Սակայն երբ անառիկ պարսպի շուրջ պտտվեցին, տեսան, որ անհնար է վանք ներխուժել։ Եվ ահա, ավազակապետը, որ իր ուժով զորեղ, մտքով հնարամիտ մարդ էր, իր ընկերակիցներին ասաց. «Կհագնեմ միայնակյացի զգեստներ, գլխիս կնգուղ կդնեմ, սուրս կթաքցնեմ զգեստներիս տակ և վանքի դարպասը կբախեմ, և երբ դռնապանը հարցնի, թե ով եմ, կասեմ՝ օրհնյա՛լ, բա՛ց դուռը սուրբ միայնակյացիս առաջ, մինչ առավոտ ծվարեմ ու առավոտյան իմ ճանապարհը գնամ, քանի որ ամաչում եմ քաղաք մտնել և հյուր լինել աշխարհիկ տներում, որովհետև ինձ վայել չէ աշխարհիկ կանանց տեսնել... Այնուհետև, երբ դռնապանը ներս ընդունի, գիշերվա մի պահի կսպանեմ նրան, դարպասը կբացեմ և ամենքդ ներս կգաք։ Այնժամ կույսերին կկոտորենք, վանքի ողջ ունեցվածքն այդպես մերը կլինի»։ Ավազակները հավանություն են տալիս իրենց պետի հնարամտությանը, և նա, զգեստափոխվելով, մոտենում ու բախում է վանքի դարպասները։ Եվ երբ դռնապանը լսում է, որ միայնակյաց սուրբ է դուռը բախում, այդժամ ինչպես վանքում էր ընդունված, աներկբա հավատում ու շտապում է ցնծալից լուրը հասցնել մայրապետին։ Եվ մայրապետը, նշանավոր սուրբ հորն իրենց վանքն ուղարկելու համար գոհություն մատուցելով Աստծուն, միամտորեն խորհում է, որ Աստված սուրբ հոր միջոցով կամենում է վանքի կույսերին օրհնել։ Եվ հավաքելով միանձնուհի քույրերին, բացի մեկից, որ անդամալույծ լինելու պատճառով օրհնահանդեսին չէր կարող մասնակցել, գնում և պատվով ու մեծարանքներով ավազակապետին առաջնորդում են վանք։ Ահա «հարգարժան հյուրին», այսինքն` ավազակապետին, մեծարելով նստեցնում են գահաթոռին, ապա բոլոր կույսերը երկու շարք կազմելով, յուրաքանչյուր շարք սկսում է հերթով ավազակապետի ոտքերից մեկը լվանալ, որպեսզի այդպես իրենց` Աստծո աղախին լինելու խոնարհությունը գործադրեն, և հյուրն ամենքին էլ օրհնի։ Եվ ահա, երբ նման անսպասելի ընդունելությունից շփոթահար ավազակապետի ոտքերը լվանալու շնորհանդեսն ավարտվում է, մայրապետն այսպես է խորհում. ի՞նչ անեն, որ սուրբ հորից այժմ առավել օրհնություն ստանան, և ավազակապետի ոտքերի լվացքաջուրը սկսում է լցնել կույսերի գլխներին՝ այդ աղտոտ ջրով օծելով նրանց։ Ավազակապետը պարզ ու միամիտ այս հավատը տեսնելով, շփոթվում է, զարհուրում. «Ախր, չէ՞ որ ես ավազակ եմ, մարդասպան և մեծ մեղքերի տեր, մի՞թե պատշաճ է ինձ նման վայրենի մեկին այսքան պատիվ տալը. ամաչում եմ այս միանձնուհիներից ու նրանց միամիտ հավատից», -մտածում է նա։ Եվ այդ ժամանակ, կույսերից մեկը, որ անդամալույծին էր սպասարկում ու խնամում, ոտնալվայի աղտոտ ջրից մի անոթ վերցնելով` տանում է անդամալույծ քրոջը ու նրան ասում. «Գիտե՞ս, մեզ մոտ մեծ սուրբ է հյուր եկել. ահա բոլորս նրա ոտքերը լվացինք, իսկ ոտնալվայի ջրով էլ մեր գլուխներն օծեցինք ու այդպես օրհնություն ստացանք։ Ահա, որպեսզի դու ևս օրհնությունից չզրկվես, մի անոթ ջուր էլ քեզ համար եմ բերել»։ Եվ անդամալույծը, երբ միամիտ ու ջերմեռանդ հավատով ավազակապետի ոտնալվայի աղտոտ ջուրը լցրեց գլխին, հանկարծ զգաց, որ ահռելի մի զորություն մտավ իր մեջ, և Քրիստոսը կենդանացրեց բոլոր ուշաթափված իր անդամները, ակնթարթում հիվանդը առողջություն գտավ։ Եվ երբ սպասավոր քույրն իր գործն ավարտված համարելով, կամենում էր հետ դառնալ, անդամալույծը նրան ձայն տվեց ու ասաց. «Սպասի՛ր, միասին գնանք, քանի որ ես ևս ձեզ նման օրհնվեցի սուրբ հոր ոտքերի ջրով»։ Եվ սպասավոր քույրն անդամալույծին առողջացած տեսնելով, նրա հետ փառավորում էր Աստծուն։ Եվ ահա, երբ բժշկվածի հետ վերադարձավ մյուսների մոտ ու պատմեց, թե ինչպես սուրբ հյուրի ոտնալվայի ջրով օծվելուց հետո անդամալույծն ակնթարթորեն բժշկվեց, կույսերն անդամալույծին բժշկված տեսնելով, արտասվելով նետվեցին ավազակապետի ոտքերի առաջ, և սկսեցին նրան երկրպագել։ Իսկ ավազակապետը, որ խելացի այր էր, հասկացավ, որ Քրիստոսն այդ հրաշքը գործեց թե՛ կույսերի միամիտ հավատի պատճառով, թե՛ իր ապաշխարության դարձի համար: Եվ այլևս անկարող լինելով դիմանալ իրեն երկրպագող միանձնուհիների միամիտ հավատին, նրանց պարկեշտության առաջ, բարձրաձայն լաց լինելով, ասաց.. «Ինձ մի՛ երկրպագեք, այլ երկրպագեք Քրիստոս Աստծուն, նա այդ հրաշքը ոչ միայն ձեր միամիտ հավատի պատճառով արեց, այլ նաև ինձ ցույց տվեց ապաշխարության ուղին, որովհետև ես անարգ ու անարժան մի մարդ եմ, ավազակապետ ու մարդասպան, մեծամեծ մեղքերի տեր, ոչ թե եկել էի ձեզ օրհնելու, այլ որպեսզի կեսգիշերին վանքի դարպասները բացեի և իմ ավազակ ընկերախմբի հետ կոտորեի ձեզ ու տիրանայի ձեր ունեցվածքին։ Սակայն Քրիստոսը՝ Աստծո Որդին, ձեր խոնարհ ու միամիտ հավատը տեսնելով, որպես վարձատրություն, ինձ իմ կորստյան ճանապարհից հետ դարձնելու համար այս հրաշքը գործեց։ Այսուհետև ես անկարող եմ ավազակություն անել, որովհետև հիմա եմ հասկանում, որ եղել եմ գարշելի դիվագործ։ Այսուհետև դառնալու եմ ճշմարիտ միայնակյաց, որպեսզի ինքս էլ մի օր ապաշխարությամբ արդարանամ»։ Ասում էր ու արտասվում, սակայն տեսնելով, որ կույսերը չեն հավատում, զգեստի տակից հանեց սուրն ու գցեց նրանց առաջ։ Իսկ միանձնուհիները սուրը տեսնելով՝ վախեցան։ «Մի՛ վախեցեք,- նրանց հանգստացրեց ավազակապետը,- այսօրվանից ես ձեր եղբայրն եմ, այլևս նոր ճանապարհ ունեմ իմ առաջ»։ Եվ կույսերի հետ միաբան կանգնեց աղոթքի, և մինչև արեգակի առաջին ճառագայթների ծագելը երկրին, նրանց հետ սաղմոսներ ու փառաբանություններ երգեց։ Իսկ առավոտյան հրաժեշտ տվեց ու վանքից դուրս եկավ և իր գործակիցներին գտավ վանքի դարպասների առաջ՝ զինավառ սպասելիս։ Եվ կարգով պատմեց, թե ինչպես են կույսերն իրեն որպես Աստծուց առաքված սրբի ընդունել։ Եվ թե Տեր Աստված ինչպիսի հրաշք գործեց՝ իր ոտքերի ջրով բժշկելով անկողնուն գամված անդամալույծին։ Պատմում էր ու արտասվում, իսկ ավազակները հիացմունքով լսում էին։ «Եվ ահա, եղբայրնե՛ր իմ, արտասվելով շարունակեց ավազակապետը, այսուհետ ես զարհուրում եմ երկնքում բնակվողից, ես գնացի նրա վանքը գրավելու, բայց նա իմ սիրտը գրավեց, և իմ չարամտությունը խափանեց իր փառավոր սիրով։ Այսուհետ ես միայնակյաց եմ դառնալու, քանի որ այդպես կամեցավ Աստված։ Իսկ ձեզ ազատ եմ արձակում, խորհուրդ տալով, որ դուք ևս ձեռք քաշեք մարդասպանություններից, ամեն աղտեղի բաներից, որ մինչ հիմա միասին անում էինք»։ Իսկ ավազակները նրան պատասխանեցին ու ասացին. «Դու որ մեր մեջ այդքան հզոր ես և այդպես դողում ես Աստծուց ու կամենում ես միայնակյաց դառնալ, մենք ևս, որ քեզնից շատ անգամ տկար ենք, արժան է, որ քեզ հետ միասին ճգնավորներ լինենք»։ Եվ ամենքով ելան գնացին հայրերի մի մենաստան, խոստովանեցին իրենց հանցանքները, պատմեցին իրենց հետ եղածները, սրերը նետելով՝ դարձան ճգնավորներ։ Եվ երկար ժամանակ ապաշխարում էին իրենց կատարած հանցանքները՝ վանքում, դժվարամատչելի լեռներում կամ անբնակ անապատներում։ Եվ այս եղելությունը պատմվեց, վերապատմվեց ու շարունակելու է պատմվել ի փառս Աստծո, որ ամենքիս էլ, ըստ մեր վիճակների մարդասիրում է միայն իրեն հայտնի ելքերով ու փրկության առաջնորդող եղանակներով, որպեսզի ամենքս էլ դառնանք իր կողմը, իր այցելության օրը գտնենք ողորմություն։ Եվ փառք ու գոհություն նրան ամեն ինչում՝ հավիտյանս հավիտենից. ամեն։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ